«Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Հայկ Մարգարյանը հանդիպել է «Բուժառուների թվային անվտանգության» (Digital Patient Safety) ծրագրի ղեկավարի տեղակալ, բժշկական գիտությունների դոկտոր Լեռնիկ Եսայեի հետ։
Հանդիպմանը քննարկվել են առողջապահության ոլորտում նորարարական տեխնոլոգիաների ներդրմանը, մասնավորապես, առողջապահության համակարգի թվային վերափոխմանն առնչվող հարցեր և համագործակցության հնարավոր եզրեր։
Իր խոսքում, Լեռնիկ Եսայեն նշեց. «Բուժառուների թվային անվտանգության» ծրագիրն ապահովում է հաճախորդի անվտանգությունն՝ ախտորոշիչ բժշկական սարքավորումների (ներտնային օգտագործման բժշկական սարքեր) մոնիթորինգի և վերջինիս արդյունքների վերլուծության միջոցով:
Ծրագրով նախատեսվում է ստեղծել նոր բժշկական սարքավորումների փորձարկման հետազոտական կենտրոն (Digita lHealth Research Center), ինչպես նաև մշակել կրթական ծրագիր՝ Հայաստանի ԲՈՒՀ-երի հետ համագործակցության շրջանակներում առողջապահության ոլորտը բարձրակարգ մասնագետներով համալրելու նպատակով:
Հատկանշական է, որ Digital Patient Safety-ի և Կենտրոնի համագործակցության շրջանակներում, «ATMT» ընկերության «Doctor 1» նախագիծը հաղթող է ճանաչվել «Ներուժ 3.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի արդյունքներով։
«Doctor 1» ստարտափ-նախագծի ղեկավարն է մեր հայրենակից՝ Արտակ Աբրահամյանը։ Նախագիծը ենթադրում է թվայնացված բժշկական ախտորոշիչ սարքերի արտադրություն, ծրագրային հավելվածի մշակում և բժշկական հեռավար ծառայությունների համալիրի ձևավորում: Դա հնարավոր կդարձնի մատչելի և աշխարհագրական ցանկացած դիրքին հասանելի բժշկական օգնությունը կազմակերպել շրջօրյա ռեժիմով։ Արդյունքում՝ բժշկական օգնությունը «մուտք կգործի» յուրաքանչյուր ընտանիք։
Թվային առողջապահությունը Հայաստանում
Հայաստանում թվային առողջապահության բազմափուլ զարգացումը սկսվել է 2000թ.թ.-ականների սկզբին։ Միջազգային կազմակերպությունների աջակցությամբ, ՀՀ առողջապահության նախարարությունն առաջին հերթին գործարկեց էլեկտրոնային բժշկական գրառումների համակարգը, որի նպատակն էր պետական պատվերով մատուցվող ստացիոնար ծառայությունների վերաբերյալ տվյալների հավաքագրումը, մոնիտորինգը և կառավարումը։
2008 թվականի դեկտեմբերին մի խումբ բժիշկներ և ՏՀՏ մասնագետներ ստեղծեցին Հեռաբժշկության հայկական ասոցիացիան (ՀՀԱ): Հետագայում, ՀՀԱ-ն ընդլայնեց իր գործունեության շրջանակները և վերանվանվեց Թվային առողջության հայկական ասոցիացիա (ԹԱՀԱ):
2009-2010 թվականներին ՀՀ կառավարությունը մշակել է ինտեգրված էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ներդրման հայեցակարգ։ Հայեցակարգը հաստատվել է 2012-2013 թվականներին, և վերջինիս իրագործումը հանձնարարվել է Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների իրականացման պետական գործակալությանը (ԷԿԵՆԳ)։
2015-2016 թվականներին մշակվել է ARMED համակարգը՝ նպատակաուղղված Հայաստանի բնակչության կարիքներին ծառայող էլեկտրոնային առողջապահության համակարգի զարգացմանը։ Վերջինս կառավարվում և շահագործվում է «Էլեկտրոնային առողջապահության օպերատոր» փակ բաժնետիրական ընկերության կողմից:
Այսօր ԱՐՄԵԴ-ըգործում է ՀՀԱՆ պետական առողջապահական գործակալությունում (ՊԱԳ), շուրջ՝ 500 առողջապահական և 6 ապահովագրական ընկերություններում։ ARMED-ի հիմնական գործառույթներում ներառվում են հիվանդանոցային դեպքերի պետական պատվերի գրանցումը և հաշվառումը:
Ներուժ
«Ներուժը» պետական ծրագիր է: Ծրագրի նպատակն է ՝ խթանել մասնագետների հայրենադարձությունը, ինչը կնպաստի Հայաստանի տնտեսական առաջընթացին և ստարտափ-էկոհամակարգի զարգացմանը:
Ամեն տարի աշխարհի ավելի քան 30 ստարտափ է հրավիրվում Հայաստան՝ մասնակցելու 5-օրյա միջոցառմանը, ծանոթանալու Հայաստանում բիզնեսի առավելություններին, ստանալու բացառիկ անհատական մենթորություն և հավակնելու մինչև 30.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամական մրցանակի՝բիզնես նախաձեռնությունների ընդլայնման նպատակով: