Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն՝ Հայկ Մարգարյանը, Հայաստանում Նորվեգիայի և Ֆինլանդիայի Պատվավոր Հյուպատոս՝ պ.-ն Թիմոտի Դեյվիդ Սթրայթը և «Հայրենիքի զարգացման նախաձեռնություն» (HDIF) Հիմնադրամի Գործադիր տնօրեն՝ Ժան-Պյեր Ջաբրայանը քննարկեցին համագործակցության հեռանկարները, ինչպես նաև, 2023 թվականին նախատեսված համատեղ միջոցառումների անցկացմանն առնչվող հարցեր:
Հարկ է նշել, որ արդեն իսկ առաջին համատեղ միջոցառումը հանդիսացավ դեկտեմբերի 17-ին տեղի ունեցած Սուրբ Ծննդյան Տոնավաճառը (Christmas Bazaar): Տոնավաճառում իրենց արտադրանքը ներկայացրեցին շրջանների ձեռնարկատերերը և գործարարները, որոնք, ՆՁԱԿ-ի աջակցությամբ, ձեռնարկություններ են բացել Հայաստանի տարածքում: Նրանց թվում են նաև փախստականներ Արցախից, Սիրիայից և Ուկրաինայից:
Երկուստեք նշվեց, որ տոնավաճառը հաջող անցավ և մեծ հետաքրքրություն առաջացրեց մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի շրջանում: Տոնավաճառի նախաձեռնողը և գլխավոր կազմակերպիչն էր պ.-ն Թիմոտի Սթրայթի հիմնադրած՝ «Հայրենիքի զարգացման նախաձեռնություն» (HDIF) Հիմնադրամը: Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնը միջոցառման համա-կազմակերպիչն է:
ՆՁԱԿ-ի գրասենյակ կատարած իր այցելության շրջանակներում, պ.-ն Թիմոտի Սթրայթն այցելել է նաև Կար ու ձևի ուսուցանման «SPACE 59» կենտրոն, որը հիմնադրվել է Հայաստանի թեթև արդյունաբերության արդիականացմանն ուղղված UNIDO նախագծի (UNIDO Armenia project on Light Industry Modernization) շրջանակներում: Կենտրոնը գտնվում է ՝ Կոմիտասի պ., 49/3 հասցեում:
Եվ նշենք նաև, որ պ.-ն Թիմոտի Սթրայթի և «The founder institute» բիզնես-արագարարի (ակսելերատորի) տնօրեն՝ Նարինե Կոտիկյանի աջակցությամբ, կայացավ Հայկ Մարգարյանի հանդիպումը Ֆիննական Արևելա-Եվրոպական -և — Կենտրոնական-Ասիական բիզնես-ակումբների անդամների հետ: Հանդիպմանը քննարկվեց համատեղ նախագծերի իրագործման հնարավորությունը: