NCIE

ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

Նորամուծության և ձեռներեցության ազգային շաբաթ — INNO Armenia-2023

Ապրիլի 17-21 Հայաստանում անցկացվեց Նորամուծության և ձեռներեցության՝ INNO Armenia-2023 ազգային շաբաթը, որը կազմակերպել էր ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնը:

Նորամուծության և ձեռներեցության ազգային շաբաթի հանդիասվոր բացումը նշանավորվեց բժիշկ, ճարտարագետ, տիեզերքի անհունությունները նվաճած ամերակացի, ծագումով առաջին հայ տիեզերագնացի՝ Ջեյմս Բաղյանի ողջույնի խոսքով:

Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի (ՆՁԱԿ) Գլխավոր տնօրեն՝ Հայկ Մարգարյանն իր երախտիքի խոսքը հղեց ներկաներին՝ նշելով, որ INNOArmenia միջոցառումը նպատակ ունի ձևավորելու երկխոսության եզրեր գործարարության, գիտության և պետության միջև, դրանով իսկ հարթակ նախապատրաստելով բոլոր կողմերի արդյունավետ փոխգործակցության համար:

Հիշեցնենք, որ Նորամուծության և ձեռներեցության՝ INNO Armenia-2023 ազգային շաբաթը կազմակերպվել է ՀՀ Վարչապետի Աշխատակազմի, ՀՀ Էկոնոմիկայի և Արտաքին գործերի Նախարարությունների, Սփյուռքի գործերով Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակի և «Ազգային կենտրոն» հիմնադրամի հովանու ներքո։

ՀՀ Սփյուռքի գործերի Գլխավոր Հանձնակատար՝ Զարեհ Սինանյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ Ազգային շաբաթը լավ հնարավորություն է ոչ միայն Հայաստանի գիտական և նորարարական ներուժի բացահայտման, այլև զարգացման հնարավոր միտումների վերհանման համար:

Զ. Սինանյանի ելույթին հաջորդեց ՆՁԱԿ-ի և Սփյուռքի գործերով Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակի միջև Համագործակցության Հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը: «Հուշագիրը հնարավոր կդարձնի մի նոր՝ առավել բարձր մակարդակի հասցնել համագործակցությունը երկու կառույցների միջև»,- նշել է Զ. Սինանյանը:

ՀՀ Վարաչպետի օգնական՝ Հակոբ Աբրահամյանն իր՝ «Նորարարությունն և ձեռներեցությունը Հայաստանի վերափոխման ռազմավարության համատեքստում» թեմայով զեկույցում ընդգծեց, որ առանց նորարարությունների կիրառման, անհնար է գործարկել վերափոխման պրոցեսները:«Նորարարությունը և ձեռներեցությունը չափազանց կարևոր են մեզ համար և հանդիսանում են ռազմավարական առաջնահերթություններ: Հայաստանի պես երկիրն իրապես կարող է ձեռք բերել մրցակցային առավելություն՝ կատարելով շեշտադրումներ նմանատիպ կարևոր ուղղությունների զարգացման վրա»:

Հանդիսավոր խոսքով ելույթ ունեցավ նաև Հայաստանի Էկոնոմիկայի փոխնարար՝ Անի Իսպիրյանը: Նա նշեց, որ բիզնեսի զարգացման մեջ հատուկ կարևորությամբ դեր ունեն գիտությունը և նորարարությունը: Հիշատակելով AMADEE-24 նախագիծը, նա հույս հայտնեց, որ Մարսյան առաքելությունը իր ուրույն տեղը կզբաղեցնի համատեղ ջանքերով իրագործվող նախագծերի շարքում:

Առաջին երկու օրերին՝ ապրիլի 17-ին և 18-ին, Ազգային շաբաթն ընթացավ Ստեղծարար տեխնոլոգիաների՝ TUMO կենտրոնում, որի հիմնադիր՝ Մարի Լու Փափազյանն ի սրտե ողջունեց բոլոր ներկաներին և մաղթեց արդյունավետ շաբաթ:

Ազգային շաբաթի գլխավոր իրադարձությունը հանդիսացավ Ավստրիական տիեզերական ֆորումի և «Հայկական Աերոտիեզերական Գործակալություն» ՓԲԸ միջև, Հայաստանում AMADEE-24 Մարսյան անալոգային առաքելության իրագործման մասին Փոխըմբռնման հուշագրի ստորագրությունը:

Հուշագիրը ստորագրեցին «Հայկական Աերոտիեզերական գործակալություն» ՓԲԸ ղեկավար՝ Մհեր Մեհրաբյանը և Ավստրիական տիեզերական ֆորումի տնօրեն՝ Գերնոթ Գրոմերը: «Առաջին առաքելության անդամներն արդեն ծնվել են Նյու-Յորքում, Պեկինում կամ, գուցե, Երևանում, բայց իրենք այդ մասին դեռ չգիտեն», — ասել է Գ. Գրոմերը: Նա կարծում է, որ նախնական տվյալներով, առաջին թռիչքը դեպի Մարս կկայանա մոտակա 20-30 տարիների ընթացքում:

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UATE) Գլխավոր տնօրեն՝ Հայկ Չոբանյանն, իր հերթին, կոչ արեց Հայաստանի կրթական հաստատություններին՝ օգտվել պատմությամբ ընձեռված հնարավորությունից և ակտիվ կերպով մասնակցել նախապատրաստական աշխատանքներին:

Հարկ է նշել, որ INNO Armenia նախաձեռնությունը կրում է միջազգային բնույթ, իսկ AMADEE-24 առաքելությունն ունի ռազմավարական նշանակություն Հայաստանի համար:

Ազգային շաբաթը TUMO կենտրոնում մեկտեղեց հայաստանյան և միջազգային ձեռնարկատերերին ու գիտնականներին, տարբեր երկրների դիվանագետներին, դեսպաններին և հյուպատոսներին, ինչի արդյունքում տեղի ունեցավ տեխնոլոգիաների առևտրայնացման ոլորտի վերաբերյալ փորձի և տեղեկատվության փոխանակում:
Եղան առանձին պանելային քննարկումներ Տիեզերքի յուրացման, Հայաստանում կայուն տնտեսության ձևավորման և արհեստական բանականության (AI) զարգացման, կենսատեղեկատվության և նանոտեխնոլոգիաների ոլորտներում ունեցած ձեռքբերումների վերաբերյալ:

Ապրիլի 19-ին միջոցառումն իր շարունակությունն ունեցավ Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի գրասենյակում: Խոսնակները ներկայացրեցին հեռավար կրթության ոլորտի հիմնական նախագծերը և քննարկեցին կրթության ոլորտում նորամուծությունների և նորագույն տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները:

INNO Armenia-2023 միջոցառումն ավարտվեց ապրիլի 21-ին՝ Ստեղծագործության և Նորարարության համաշխարհային օրը (World Creativity and Innovation Day):

Տարածել այս գրառումը
error: Content is protected !!