NCIE

ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

Հայաստանը՝ Digital Almaty 2023 ֆորումին

Տեխնոլոգիաների տրանսֆերի ժամանակակից մոդել, էլեկտրոմոբիլների լիցքավորման կայաններ, բիոնիկական պրոթեզներ. Ինչ ցուցադրեց Հայաստանը Digital Almaty 2023 ֆորումին, որին ներկա էր մեր երկրի Վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանը.

Ղազախստանում ավարտվեց «Digital Almaty 2023. Թվային գործընկերություն նոր իրականության մեջ» ամենամյա Ֆորումը, որին ներկա էին ԵԱՏՄ երկրների վարչապետերը:

Ս./թ. փետրվարի 2-ին Հայաստանի ներկայացուցչական պատվիրակությունը, Վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մեկնեց Ղազախստան՝ Ֆորումի աշխատանքներին մասնակցելու նպատակով:

Մեր Կենտրոնի գլխավոր տնօրեն՝ Հայկ Մարգարյանը ևս մասնակցում էր ֆորումի աշխատանքներին:

Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշեց, որ թվային էկոնոմիկայի զարգացումը Հայաստանի Հանրապետության համար եղել և այժմ էլ մնում է կարևորագույն առաջնահերթություններից մեկը: Նա հայտնեց, որ 2022թ. ընթացքում, շրջանառությունն IT- ոլորտում աճել է առավել քան 50%-ով, իսկ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների սեկտորի բաժինը Հայաստանի ՀՆԱ-ում անշեղորեն աճում է:

«Դրա հետ մեկտեղ, մեզ համար կարևոր է մնում եվրասիական ինտեգրման տարածքի վրա միասնական թվային տարածության ձևավորման հարցը: Այդ առումով, կցանկանայի նշել միջպետական տեղեկատվական փոխանակման համակարգի գործիքակազմի, ինչպես նաև, ինտեգրացիոն էֆեկտով թվային նախագծերի ստեղծման և զարգացման այժմեականությունը և բարձր պահանջվածությունը», — նշել է Ն. Փաշինյանը:

 

Հայաստանում տեխնոլոգիաների տրանսֆերի Գրասենյակի ստեղծման նկատառումով նախատեսվող Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի նոր մոդելի մասին, Ֆորումի հյուրերին պատմեց Մեր Կենտրոնի Գլխավոր տնօրեն՝ Հայկ Մարգարյանը: Նա «ԵԱՏՄ երկրներում նորարարության զարգացման պետական խթանումը» թեմայով կայացած պանելային բանավեճում ունեցած իր ելույթում ընդգծեց, որ «չարժե ակնկալել որևէ լուրջ զարգացում՝ առանց գիտելիքահենք տնտեսության ներդրման»: Այդ իմաստով, անչափ կարևոր է կապ ստեղծել գիտելիքի և բիզնեսի միջև: Եվ դա մեր Կենտրոնի համար հանդիսանում է առաջնահերթ խնդիրներից մեկը»: Հայկ Մարգարյանը Ֆորումի հյուրերին պատմեց նաև փոքր և միջին բիզնեսի աջակցությանն ուղղված մի շարք պետական միոցառումների մասին, հիշատակելով, որ նոր բիզնեսի գրանցման հեշտությամբ՝ Հայաստանն ընդգրկված է առաջին տասնյակի երկրների շարքում: Հայկ Մարգարյանը նշեց, որ ձեռնարկություններում աշխատանքի արտադրողականության բարձրացման նպատակով, Հայաստանի Կառավարությունը գործարկել է արտերկրից ժամանած բարձր որակավորմամաբ մասնագետների աշխատավարձերի փոխհատուցման ծրագիրը, որը հաջողությամբ իրագործում է մեր Կենտրոնը: Ծրագրի գործարկման պահից ի վեր, արդեն ներկայացվել է 14 հայտ՝ 248 մասնագետների համար: Հ. Մարգարյանն իր ելույթում խոսեց նաև երիտասարդ գիտնականների պետաջակցության ծրագրերի, ճարտարագիտական քաղաքի ստեղծման նախագծի, արդեն իսկ առևտրայնացված և արտերկրում ներկայացված զանազան նորարարական մշակումների մասին:

Նա ֆորումի կազմակերպիչներին և մասնակիցներին հրավիրեց Հայաստան՝ մասնակցելու ս./թ. ապրիլի 17-ին կայանալիք՝ «Նորարարության և ձեռներեցության ազգային շաբաթ» միջոցառմանը, որն առաջին անգամ է անցկացվելու Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի կողմից։

Ֆորումի շրջանակներում, տեղի ունեցավ նաև Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկային նախարարության Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի և «Նորամուծությունների զարգացման ազգային «QazInnovations» գործակալության (Ղազախստանի Հանրապետություն)» միջև Համագործակցության և փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությունը:

Հուշագրի նպատակն է՝ գիտության և գործարարության միջև փոխգործակցության զարգացմանն անհրաժեշտ պայմանների ստեղծումը, գիտական կազմակերպությունների և ձեռնարկատիրության միջև անխախտ կապերի ձևավորմանն աջակցելը:

IT – ոլորտի ավելի քան 100 նմուշ-մշակումներ ներկայացվել են Ֆորումի շրջանակներում կազմակերպված տարբեր ցուցահանդեսներում: Innovation Center գոտում ցուցադրվել են ռոբոտատեխնիկայի ոլորտի վերջին մշակումները, AR / VR, դրոններ, էկզոկմախքներ: Հայաստանի ցուցադրագոտում ներկայացվել են գերզգայուն սեյսմահաղորդիչներ, էլեկտրոմոբիլների լիցքավորիչներ և այլն:

«Digital Almaty»-ն նորարարական տեխնոլոգիաների ոլորտում, ԱՊՀ տարածության վրա իրականացվող խոշորագույն միջոցառումն է, որին մասնակցում են բիզնեսի, միջազգային փորձագետների, IT-ընկերակցությունների, պետական կառույցների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Վերջինիս նպատակն է երկխոսության ապահովումը՝ գլոբալ և տարածաշրջանային մակարդակներով, ինչպես նաև, փորձի փոխանակումը թվային տրանսֆորմացիաների ոլորտում:

Ֆորումի կազմակերպիչներն են՝ Ղազախստանի Հանրապետության թվային զարգացման, նորարարության և օդատիեզերական արդյունաբերության նախարարությունը, Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, Ալմաթի քաղաքի Ակիմատը, Tech Garden-ը և Astana Hub-ը:

Տարածել այս գրառումը
error: Content is protected !!