Գիտատեխնիկական գրադարան
ԳՐԱԴԱՐԱՆ
Գիտատեխնիկական գրադարան
ՆՁԱԿ-ի Գիտատեխնիկական գրադարանը հայտնի է տարածաշրջանում և երկրի սահմաններից դուրս իր մասնագիտացված եզակի հարուստ ֆոնդերով:
2021թ. դրությամբ գրադարանի փաստաթղթային ֆոնդը կազմում է շուրջ 19219807անուն/21931908օրինակ գրադարանային փաստաթուղթ՝ ներառյալ մասնաճյուղերը: Այստեղ են պահվում Հանրապետությունում եզակի գիտատեխնիկական փաստաթղթերի ֆոնդերը՝ արտոնագրային, նորմատիվ-տեխնիկական, արդյունաբերական կատալոգներ, ավանդադրված գիտական աշխատանքներ, փորձարարակոնստրուկտորական և գիտահետազոտական մշակումների հաշվետվություններ և այլն:
ԳՏԳ-ի ընդհանուր, գիտական և համակարգչային ընթերցասրահներում իրականացվում է գրադարանային-տեղեկատվական սպասարկում, իրականացվում է նաև արտոնագրային որոնում տարածաշրջանում եզակի` շուրջ 18 միլիոն օրինակ փաստաթղթերից: Համակարգչային սրահում այցելուներն անվճար օգտվում են համացանցից, միջազգային գիտատեխնիկական տեղեկատվական բազաներից (EBSCO, SpringerLink BioONE, Oxford Reference Online, OARE Online Access to Research in the Environment, Britannica Online Encyclopaedia և այլն), գրադարանի էլէկտրոնային գրացուցակից` օգտագործելով ժամանակակից տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ:
ՆՁԱԿ-ի գրադարանը պետական մասնագիտական գրադարան է, որը հավաքագրում է կիրառական գիտությանը վերաբերող գրադարանային փաստաթղթեր և սպասարկում է ոչ միայն անհատ ընթերցողներին, այլ նաև ընկերություններին, համալսարաններին, պետական գերատեսչություններին, արդյունաբերության տարբեր ոլորտների ձեռնարկություններին: Բացի այդ ՆՁԱԿ-ի գրադարանն անդամակցում է Հայաստանի էլեկտրոնային գրադարանների կոնսորցիումին (eLCA) Էլեկտրոնային գրադարաններից և նոր տեղեկատվական տեխնոլոգիաներից օգտվողների ու մշակողների միջազգային ասոցիացիային (ELNIT):
Շահառուների գրադարանային-տեղեկատվական սպասարկումը ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ կազմակերպելու նպատակով ներդրված է գրադարանային գործընթացների ավտոմատացման «ԻՐԲԻՍ-64» համակարգը, որում մուտքագրված գրառումների թիվը կազմում է շուրջ 313000 փաստաթուղթ՝ ներառյալ ամսագրերի գիտատեխնիկական հոդվածների վերլուծական նկարագրությունները՝ շուրջ 126000 գրառում: Վերջինիս շնորհիվ է հնարավոր իրականացնել Փաստաթղթերի Էլեկտրոնային առաքման ծառայությունը։
Գրադարան հաճախումների թիվը 2021թ․ կազմել է 7889 (գրադարանի ընթերցողների թիվը կազմում է 7870 հոգի՝ մասնաճյուղերը ներառյալ, կոլեկտիվ աբոնենտների թիվը՝ 266, այդ թվում պայմանագրային՝ 10), իսկ օգտվողների միջին տացքը` 170381 օրինակ գրադարանային փաստաթուղթ՝ ներառյալ մասնաճյուղերը: